Երեկ Ստրասբուրգում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիային, նշելով, որ այս ռազմական հարձակումը աննախադեպ էր իր մասշտաբով և դաժանությամբ՝ դառնալով Ադրբեջանի կողմից 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրի ամենալուրջ խախտումը։
«Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա տրամաբանական շարունակությունն է Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող անօրինական ռազմական կառույցների և հակահայկական քարոզչության։ Հայկական պատվիրակությունը բազմիցս զգուշացրել է, հատկապես նախորդ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության դեմ Ադրբեջանից բխող սպառնալիքի մասին։ Մենք հավատում ենք, որ կարող էինք կանխել վերջին բռնությունը, եթե անգործության և ընդհանուր հայտարարությունների փոխարեն, որը Ադրբեջանին կեղծ անպատժելիության զգացումը տալիս է, միջազգային հանրությունը միանշանակ դատապարտեր և զսպեր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության սպառնալիքները»՝ ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:
Նրա գնահատականով՝ ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանի բանակը ձեռնարկեց նախապես ծրագրված և աննախադեպ նենգ հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով, իրականացնելով կանխամտածված հարձակումներ քաղաքացիական բնակչության շրջանում, պատճառ դառնալով բազմաթիվ զոհերի։ Հարձակումը ուղեկցվում էր մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական օրենքների, պատերազմների օրենքների և սովորությունների (1949 թ. Ժնևի կոնվերցիա և նրա կից արձանագրություններ, 1989 թ Երեխաների իրավունքներ պաշտպանության կոնվերցիա, 1950 թ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվերցիա, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների հանձնարարություններ) զանգվածային խախտումներով։ Առաջին զոհը 12 ամյա տղա էր, որ սպանվել էր «Գրադ» հրթիռային հրետանային ռմբակոծության հետևանքով իր դպրոցի առջև, իսկ իր երկու ընկերները ստացել էին լուրջ վնասվածքներ։ Թալիշ գյուղում ընտանիքի երեք ծեր անդամները, ներառյալ 92-ամյա կնոջը, գազանաբար խոշտանգվել և սպանվել էին իրենց տանը։ Վերջապես ԼՂՀ-ի բանակի երեք զինվոր գլխատվել և խոշտանգվել էին Ադրբեջանի զորամիավորումների կողմից ԴԱԻՇ-ի ոճով։
«Մենք նաև ունենք ապացույցներ, որ մյուս 18 զինվորների մարմինները, որոնք վերադարձվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով, նույնպես խոշտանգված էին ու խեղված։ Այն երկրում, որտեղ դատապարտված կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովը պետականորեն հովանավորվում է, այդ պահվածքը դառնում է նորմ։ Զինվորներին գլխատելը ԴԱԻՇ-ի ոճով և նրանց գլուխները որպես հաղթանշան ցուցադրելը դիտարկվում է հերոսություն Ադրբեջանի կողմից և խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները պետք է ունենան լուրջ հետևանքներ։ Մենք չենք կարող հանդուրժել բարբարոսական վերաբերմունք 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի տարածքում, որտեղ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվերցիան կիրառելի է բոլորի համար»՝ եզրակացրել է ՀՀ պատվիրակության ղեկավարը։
Նա պատվիրակության անունից կոչ է արել բոլոր պատգամավորներին դատապարտել Ադրբեջանի անպատասխանատու վերաբերմունքը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրանք սանձելու համար։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ որևէ նոր գնահատական չի հնչել նախկինում բարձրաձայնված տեսակետներից, այդ թվում՝ նաև ԼՂ հարցում: Դավութօղլուն գերադասել է իրեն հատկացված ժամանակը տրամադրել «մարդասեր ու ժողովրդավար Թուրքիայի» վերաբերյալ դասախոսությանը՝ հնարավորինս կրճատելով իրեն ուղղվելիք հարցերի ժամանակը, բայց Թուրքիայի պատվիրակության քուրդ անդամի հարցից չի հաջողվել խուսափել: Դավութօղլուն պատասխանելու փոխարեն՝ մեղադրել է նրան, որ հարցը հնչեցնում է անգլերեն, մինչդեռ թուրքերենը ԵԽԽՎ-ում արդեն աշխատանքային լեզու է: Միջադեպը բավականին խոսուն է՝ վկայելու թուրքադրբեջանական դիվանագիտության արտաքին հարթ ու ներքին խայտառակ բարդ հակասություններով լի կողմերի մասին: